«Ես Ռուբեն Գեւորգյանի հետ ընկեր եմ, մարտական ընկեր, պատերազմ ենք անցել կողք կողքի, դրանից հետո ԵԿՄ վարչության անդամներ ենք եղել, էսօր էլ մի կուսակցության, խմբակցության անդամ ենք»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե իրենց հարաբերությունները սրվել են:

«Մենք մեր ընկերությունը պահել, պաշտպանել ենք, պատերազմական ընկերը անշահախնդիր է. խոսքը իսկական պատերազմ անցած եւ կրակած տղաների մասին, որոնք իրոք թուրք են տեսել եւ կրակել են: Հնարավոր չէ այսօր մենք իրար հետ խնդիրներ ունենանք, քանի որ արյունակից ենք դառել պատերազմի ժամանակ»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Ազատամարտի նվիրյալների միավորման ստեղծումից մեկ ամիս անց լուծարման պատմությանը, Ռուստամ Գասպարյանը հետեւյալը պարզաբանեց. «Անունով չէ, որ կառույց է  ստեղծվում,  այս անունը որոշներին ձեռ  չտվեց, դրեցին լուծարեցին, ինչ արեցին, էդպես էլ չիմացանք, թե ճակատագիրը ով որոշեց եւ ոնց որոշեց, գրում են՝ կանչել են, քոթակել են, ահաբեկել են, վախեցրել են, նման բան չկա, որեւէ մեկը չի կարա մեզ քոթակի կամ մեզ վախեցնի, ահաբեկի, որ ինչ-որ բան ստեղծենք կամ փակենք: Սուտ է նաեւ, թե չենք կարողացել տղաներ հավաքել, կառույցի տղաները կան, պատրաստ են»: Պատգամավորի խոսքով՝ պարտադիր չէ թուղթ ու թանաք ունենան, որ ազատամարտիկներին համախմբեն, քանի որ կառույցը անունով չէ որոշվում,  ազատամարտիկների 14 կազմակերպություն կա, այդ կառույցներից որեւէ մեկի հիմքի վրա կարելի է փորձել դա անել, «անուն փակելով չեն կարա էդ տղաների բերանները փակեն»:

Նա  մտահոգություն հայտնեց, որ կռվող տղաների  80 տոկոսը դուրս է մնացել կառույցներից, անտեր վիճակում են եւ ունեն բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական, առողջապահական: «Մտածեցինք հավաքենք տղաներին, ստեղծենք կառույց, տեր կանգնենք մեր պատմությանը, որ փորձում են խլել կամ խեղաթյուրել, որ վաղը, մյուս օրը սերունդները ճիշտ տեղեկություններ ունենան, ոչ թե էսօրվա օլիգարխները, նալոգվիներ մեր պատմությունը իրենց վրա գրեն: Զոհված տղաների ընտանիքները հաց են մուրում, չինովնիկները գնում են, գլուխ են խոնարհում մեր տղաների շիրիմիների առաջ, ծաղկեպսակներ են դնում, մեծ-մեծ խոսքեր են ասում, բայց որ էդ զոհված տղու ծնողը ինչ-որ խնդրանքով գնում է էդ չինովնիկի մոտ, դրանք դռան դեմից ասում են՝  էդ բոմժերը նորից եկան, լարեք ստեղից, չերեւան,  չգան, մենք սրա դեմ ենք ուզում պայքարել: Երբ պատերազմը սկսվեց եւ Հայաստանի լինել, չլինելու հարցն էր, էդ չինովնիկների մեծ մասը երկիրը լքեցին ու փախան: Դեռ էն ժամանակ Վազգեն Սարգսյանը ամբիոնից ասաց, որ նրանք ագզի դավաճաններ են, հետադարձ ճանապարհ չունեն եւ իրենց ծնողների դավաճանության համար երեխաներն են պատասխան տալու: Այդ նույն մարդիկ էսօր հետ են վերադարձել թալանելուց հետո եւ պոստեր են գրավում»

Ռուստամ Գասպարյանը շեշտեց, որ ԱՆՄ-ի ստեղծման գաղափարը բացառապես իրենն ու Ռուբեն Գեւորգյանին է, որեւէ մեկը դրա հետ կապ չի ունեցել, «որեւէ մեկը զակազ չի տվել, դա ընդամենը իմ եւ Ռուբենի մտահղացումն է եղել»: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի դերին կառույցի ստեղծման եւ լուծարման մեջ, պատգամավորն ասաց, որ նա ընդհանրապես կապ չունի այս ամենի հետ, երեւի ինչ-որ մեկին ձեռնտու է այս ամենը քաղաքականցնել:

Ո՞վ էր շահագրգռված լուծարել ԱՆՄ-ն եւ ի՞նչ դեր է ունեցել ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը, Ռուստամ Գասպարյանը նշեց, որ այդ թեմայով որեւէ զրույց չեն ունեցել նրա հետ. «Չեմ կարող ասել, որ Մանվել Գրիգորյանն է շահագրգռված փակելու, քանի որ մեզ անհայտ մնաց, թե ում էր պետք փակել կառույցը, ո՞վ էր վախենում, ինչի՞ց էին վախենում, ո՞ւմ մեջ մտավ էդ վախը»:  ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց նաեւ, որ  թեեւ իր եւ Ռուբեն Գեւորգյանի գործունեությունը ԵԿՄ-ին կասեցված է, բայց որեւէ խնդիր չկա, «մեր տղաներն են, բոլորի հետ էլ բարեւ, բարլուս ենք ասում, համբուրվում ենք, խնդիր չկա»:

Նա հույս ունի, որ մի օր կբացահայտվի իրենց միությունը լուծարելու պատմության հանգամանքները:

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը գրել էր, որ վերջերս սրվել են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) եւ Ռուստամ  Գասպարյանի հարաբերությունները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուստամ  Գասպարյանը Ռուբեն Գեւորգյանից  հաշիվ է պահանջել՝ ասելով. «որ չէիր կարողանում երկրապահ ազատամարտիկների նոր կառույց ստեղծել, ինչի՞ մեջ ընկար, թե նոր երկրապահ ստեղծենք։ Ռուբեն Գեւորգյանն էլ արդարացել է՝ ասելով՝ «մուտիտ արեցին, չթողեցին որ էդ կառույցը ստեղծենք»։ Եվ սկսվել է փոխադարձ մեղադրանքների տարափը։

Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գեւորգյանը հայտարարել էին, որ պատրաստվում են «Ազատամարտի նվիրյալների միություն» ՀԿ ստեղծել, սակայն դա նրանց այդպես էլ չհաջողվեց»։