«Ավան» հոգեկան առողջության կենտրոն»-ում մայիսի 5-ին մահացած Էդգար Շաթիրյանի հարազատները համոզված են, որ Էդգարը բժիշկների սխալի պատճառով է մահացել: Շաթիրյանները մայիսի 12-ին գրավոր նամակ են ուղարկել ոստիկանություն, որն էլ քննչական գործողություն է այս պահին իրականացնում: Այս մասին NEWS.am-ի հետ Էդգարի քույրը՝ Սաթենիկ Շաթիրյանը:
«Եղբայրս ալկոհոլի նկատմամբ սեր է ունեցել, խորհուրդ տվեցինք դիմել նարկոդիսպանսեր: Մայիսի 5-ին հարբած վիճակում եղբայրների հետ Էդգարը գնում է այնտեղ, սակայն գներն էնքան բարձր են եղել, որ մտածել է անվճար բուժվելու մասին ու գնացել Ավանի հոգեբուժարան: Հարբած մարդուն միանգամից Տիզերցին են ներարկել, որից էլ ուշքի չգալով՝ մահացել է եղբայրս: Բայց ո՞վ է տեսել, որ հարբած հիվանդին միանգամից նման դեղամիջոց ներարկեն: Էդգարին ուղեկցողներն ասել են, որ ինքը գլխի եւ սրտի պրոբլեմ ունի, բայց բժիշկները հաշվի չեն առել»,- դեպքի մանրամասներն է պատմում Սաթենիկը:
Էդգարը 33 տարեկան էր, ամուսնացած էր եւ ուներ երկու անչափահաս երեխա: Չնայած խմիչքի նկատմամբ մոլուցքին՝ տաքսի էր վարում եւ այդպես պահում ընտանիքին:
«Բժիշկներն են մեղավոր, որ այսօր եղբայրս իր ընտանիքի կողքին չէ: Հիվանդանոցից ասում են, թե ինֆարկտ է ստացել, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Դա էլ քիչ է, բժիշկները նկարահանել են նրա մահը: Եղբայրս է այդ մասին մեզ ասել»,- ավելացրեց Սաթենիկը:
Մինչդեռ NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Արմեն Սողոյանը հերքում է այս ամենը: Նրա խոսքով՝ Էդգար Շաթիրյանը մահացել է սրտի խնդիրներից, իսկ նկարահանումը պարզապես իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ Առողջապահության նախարարությունը ծառայողական քննություն է իրականացնում՝ պարզելու իրականությունը:




























