Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին Վաչագան Ադունցն առաջադրվել է ոչ թե իր ցանկությամբ, այլ Հանրապետական կուսակցության. ՀՀԿ-ն է որոշել Ադունցին առաջադրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն:
«Ես 2003թ.-ին էլ եմ առաջադրվել, սակայն այդ ժամանակ ՀՀԿ-ն պաշտպանեց Գորիսի ներկայիս քաղաքապետին, դրա համար ես իմ թեկնածությունը հանեցի: Այնուամենայնիվ, դեռ 2000-ական թվականներից իմ թեկնածությունը Գորիսի քաղաքապետի պաշտոնում ամենահավանականներից է եղել, շատերն են ինձ հորդորել առաջադրվել, սակայն 2003թ.-ից հետո չեմ առաջադրվել: Պատճառն այն էր, որ չէի ցանկանում իմ կուսակցության կարծիքին դեմ գնալ: Այս անգամ էլ ես չեմ առաջադրվել, կուսակցությունն է առաջադրել, ես էլ համաձայնվեցի»,- ասաց նա:
Թե ինչ ծրագրեր ունի եւ ինչ է պատրաստվում անել Գորիսի համար, Վաչագան Ադունցը չի շտապում պատասխանել: Նա հորդորում է սպասել մինչեւ մայիսի 21-ը, երբ կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ական թեկնածուն համոզված է, որ հենց ինքն է լինելու ընտրված քաղաքապետը:
«Յուրաքանչյուր ոք, որն առաջադրում է իր թեկնածությունը կամ համաձայնվում է իր թեկնածության առաջադրմանը, բնականաբար իրեն համարում է ֆավորիտ, համարում է իրեն ամենամեծ շանս ունեցող, այդ թվում նաեւ ես, սակայն իմ գնահատականները հիմնված են տարիների փորձի, իմ ունեցած հնարավորությունների վրա, դրա համար համոզված եմ, որ հենց ես եմ լինելու ընտրված քաղաքապետը»,- ավելացրեց նա:
Նշենք, որ գորիսեցիներն ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էին, որ Վաչագան Ադունցին սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մեր հարցին, թե ինչ հարաբերություններ ունի նախկին մարզպետի հետ՝ Գորիսի քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանը հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է, ինչքանով ՀՀԿ-ն է ինձ սատարում, այնքան էլ Սուրիկ Խաչատրյանն է սատարում: Թե ինչքանով կաջակցի ինձ ընտրարշավի ժամանակ, չեմ կարող իր փոխարեն պատասխանել: Առայժմ ես դա բացահայտ չեմ տեսնում եւ չեմ կարող գնահատականներ տալ: Իսկ ինչ վերաբերվում է մեր շփմանը, ապա ասեմ, որ ինչքան մյուս թեկնածուներն ու իրենց ծնողներն են առնչվել Սուրիկ Խաչատրյանի հետ, այնքան էլ ես: Նորից ասեմ՝ ոչ ավելի, քան մյուս թեկնածուները»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Գորիսի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է չորս թեկնածու. Արա Բուդաղյանը, որը Գորիսի «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է, Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն է, Հրայր Յոլյանը, որը գործարար է, եւ վերջապես Վաչագան Ադունցը, որը «Հայջրմուղկոյուղի» ընկերության Գորիսի մասնաճյուղի տնօրենն է:




























