Ուկրաինայի Գերագույն ռադայում  մայիսի 14-ին կկայանա համաուկրաինական առաջին ազգային միասնության  կլոր սեղանը: Մայիսի 8-ին իրենց համատեղ հայտարարությունում այդպիսի կլոր սեղաններ անցկացնելու նախաձեռնության մասին հայտարարել էին Ուկրաինայի ԳՌ-ի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը եւ վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխանցում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով ԳՌ-ի մամուլի ծառայությունը:

«Մենք պատրաստ ենք երկխոսության բոլորի հետ. ովքեր ունեն օրինական քաղաքական նպատակներ եւ պատրաստ են հասնել դրանց օրինական միջոցներով: Մենք հրավիրում ենք բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին բոլոր մարզերից, քաղաքացիական հասարակությունից, գիտական շրջանակներից՝ քննարկելու Ուկրաինայի ժողովրդի առաջ այժմ ծագած բոլոր խնդիրներն ու հարցերը», - ասվում է հայտարարությունում:

Կլոր սեղանի աշխատանքին մասնակցելու համար հրավիրվել են Ուկրաինայի նախագահներ Լեոնիդ Կրավչուկը  եւ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը եւ կառավարության անդամներ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ, Ուկրաինայի նախագահի թեկնածուները, մարզպետները եւ մարզխորհուրդների նախագահները, տեղական ինքնակառավարման մարմինների նախագահները, գիտնականներ, հոգեւոր, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական գործիչներ: