Ավստրալիայի իշխանությունները մտադիր են սոցիալական ապահովության ծախսերի լայնածավալ կրճատումներ իրականացնել: Բացի այդ, նախատեսվում է, պետական ծառայողների քանակը նվազեցնելուն զուգահեռ, կենսաթոշակային տարիքն ու կիրառվող հարկերի դրույքաչափերը բարձրացնել:

Երկրի խորհրդարանին մի շարք ուղղություններով պետական ծախսերի կրճատման երկարաժամկետ ծրագրի ուղեկցությամբ նոր բյուջեի նախագիծն է ներկայացվել, հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան»:

Մասնավորապես, առաջարկվում է երկրում կենսաթոշակային տարիքը 67-ից 70-ի հասցնել, կրճատել սոցապ վճարումները եւ երկրի` 30 տարեկանից փոքր քաղաքացիների համար գործազրկության նպաստներին հասանելիությունը հետաձգել: Բացի այդ, տարբեր պետական ընկերություններում 16,5 հազար մարդու աշխատանքից հեռացնելու առաջարկներ են հնչեցվել:

Իշխանությունները առաջարկում են նաեւ 2 տոկոսանոց հարկ սահմանել Ավստրալիայի այն քաղաքացիների համար, որոնց տարեկան եկամուտները գերազանցում են 180 հազար ավստրալական դոլարը: Հումքի արտահանումից ստացված եկամուտները Ավստրալիայում վերջին տարիներին նշանակալիորեն նվազել են: Լեռնարդյունահանող ընկերությունների ծախսերի աճի ֆոնին ստիպողական անկում է ապրել նաեւ ներդրումների ծավալը:

Նոր իշխանություններն այս կերպ ցանկանում են բյուջեի դեֆիցիտը կրճատել: Պաշտոնական գնահատականների համաձայն, Ավստրալիայում 2013-2014թթ. այդ ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 3,1 տոկոս աճ է գրանցելու: