Ներկայումս անհրաժեշտ է այն հարցերի վրա կենտրոնանալ, որոնց շուրջ Հայաստանն ու Եվրամիությունը Վիլնյուսում կազմակերպված «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում համաձայնության են եկել: Մայիսի 14-ին «Հայաստանում անցկացվող բարեփոխումների առթիվ ԵՄ հաղորդակցային աջակցություն» նախագծի կրթական ծրագրի թեմայով ազգային համաժողովի ընթացքում ելույթից հետո լրագրողների հետ զրույցին այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի` Հայաստանի եվրաինտեգրման առանձնահատուկ մոդելի մշակման անհրաժեշտության մասին հայտարարությանը:

Եվրոպացի դիվանագետի խոսքով, Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը կարեւոր է ԵՄ-ի համար: «Հիմա ի՞նչ պետք է անենք: Պետք է կենտրոնանանք այն ամենի վրա, ինչի շուրջ Վիլնյուսում կազմակերպված «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում ԵՄ մակարդակով համաձայնության ենք եկել հայկական կողմի հետ», - ընդգծել է Տրայան Հրիստեան:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր. «Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ համագործակցությունը Ռուսաստանի հետ առեւտրային միությանը համատեղել: Հարակավոր է Հայաստանի եվրաինտեգրման այնպիսի մոդել գտնել, որ չի հակասի Մաքսային Միության անդամակցությանը»: Նրա խոսքով, դա այնքան էլ մեծ խնդիր չէ, հարկավոր է ընդամենը այդ ուղղությամբ աշխատանքներ տանել: