Շիրակի մարզի Նահապետավան գյուղի մոտ մայիսի 13-ին մահացած հայտնաբերված տղամարդը Նահապետավանից չի եղել, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նահապետավանի գյուղապետ Գոռ Պետրոսյանը:
«50-անց տղամարդ էր, մեր գյուղից հաստատ չի եղել, բայց չգիտենք, թե որտեղից է: Ամեն դեպքում հին պատմություն է, դիակն այնքան անճանաչելի է, որ հաստատ երկար ժամանակ սարերում մնացած է եղել: Հնարավոր է՝ ցրտահարվել է: Ի դեպ ձյունը նոր է հալվել»,- ասաց նա:
Նշենք, որ այդ մասերում ձյունը դրել է դեռ հոկտեմբերի սկզբին եւ ընդամենը մեկ-երկու օր առաջ է հալվել:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում նախիրը արածեցնող հովիվը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ նշված հատվածում մահացած մարդ կա:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածը տղամարդ է եւ նրա մարմինն ամբողջովին հոշոտված է եղել գազանների կողմից:




























