Գերմանիայի էկոնոմիկայի նախարար եւ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն ընդունել է, որ Ուկրաինայի նկատմամբ ԵՄ դրսեւորած քաղաքականությունն անմտածված է եղել:

«Իհարկե, խելամիտ չէր այնպիսի տպավորություն ստեղծել Ուկրաինայում, որ այն պետք է Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընտրություն կատարի», - «Ռիա-Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է փոխկանցլերը RP Online տեղեկատվական պորտալին տված հարցազրույցին:

Գերմանացի նախարարը «Ուկրաինան քաոսի մղելու» պատասխանատվությունը Ռուսաստանի ուսերին է դրել: «Իհարկե, ԵՄ-ն նույնպես սխալ է գործել, սակայն դա Ռուսաստանի քայլերը չի արդարացնում»,- համոզմունք է հայտնել Զիգմար Գաբրիելը:

Հիշեցնենք` մարտի առաջին օրերին Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտարարել էր, որ Ուկրաինայի նկատմամբ Եվրամիության դրսեւորած քաղաքականությունն ի սկզբանե սխալ է եղել: Շրյոդերի համոզմամբ, Եվրահանձնաժողովը «ամենասկզբից է սխալ գործել»` Ուկրաինային «կամ-կամ» կարգախոսով ասոցացման համաձայնագիր առաջարկելով: