Գորիսի քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանն ինքնաբացարկ չի ներկայացնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն:

«Նման մտադրություն չունեմ, մտքովս էլ չի անցել ինքնաբացարկ ներկայացնել, ես գնալու եմ մինչեւ վերջ»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր թեկնածուների գրանցման վերջնաժամկետն է: Քարոզարշավը սկսվելու է մայիսի 21-ից, իսկ ընտրությունը կկայանա հունիսի 8-ին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Գորիսի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է չորս թեկնածու. Արա Բուդաղյանը, որը Գորիսի «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է, Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն է, Հրայր Յոլյանը, որը գործարար է, եւ վերջապես Վաչագան Ադունցը, որը Հայջրմուղկոյուղի» ընկերության Գորիսի մասնաճյուղի տնօրենն է: