Եթե մայիսի 25-ին Ուկրաինայում նախագահական ընտրություններ չկայանան, երկիրն «ավելի տխուր իրադրության» մեջ կհայտնվի», հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
«Ներկայիս իշխանությունն անօրինական է: Նույնիսկ ընտրությունների պարագայում օրինականությունն ամբողջական չի լինելու»,- համոզմունք է հայտնել Նարիշկինը: «Կարո՞ղ եք պատժիչ գործողությունների պայմաններում անցկացվող ընտրություններ պատկերացնել: Ես` դժվար թե», - ասել է նա:
Սակայն Պետդումայի նախագահը վստահ է, որ «ընտրությունների չանցկացումն ավելի տխուր իրադրություն է ստեղծում» եւ «երկու չարիքներից հարկավոր է ավելի փոքրը ընտրել»:
«Ուկրաինայի հարավ-արեւելքում կայացած հանրաքվեի արդյունքների հետ պետք է հաշվի նստել, Կիեւի իշխանությունները պետք է «լսեն սեփական ժողովրդի ձայնը», - «Ռոսսիա 24»-ի փոխանցմամբ, հայտարարել է Նարիշկինը:
Նրա համոզմամբ, զարմանալի է, որ հանրաքվեի, թեկուզ եւ որոշ «խախտումներով եւ սխալներով», կազմակերպումը «իրականացվող պատժիչ գործողության պայմաններում» հաջողությամբ պսակվեց:
«Հանրաքվեի արդյունքները տարբեր կերպ են մեկնաբանվում, սակայն չի կարելի աչք փակել հանգամանքի վրա, որ այն կայացել է», - համոզմունք է հայտնել Նարիշկինը:




























