Մայիսի 13-ին Իսրայելի Կնեսսետում Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումներ են ընթացել:
ՄԵՐԵՑ կուսակցության նախագահ Զախավա Գալիոնը կառավարությանը Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել` մասնավորապես նշելով, որ հաջորդ տարի ողբերգության 100-ամյակն է նշվելու եւ «ժամանակն է, որ Իսրայելի կառավարությունը ճանաչի այն: Գալիոնն ընդգծել է, որ երկրի կառավարությունը հաճախ դիվանագիտական իրադրությունից ելնելով է այս կամ այն քայլը անում. «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո պատրաստվում է ճանաչել ցեղասպանությունը, իսկ երբ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվում են, այլեւս հրաժարվում է այդ քայլից:
Քննարկման ընթացքում Կնեսսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը նշել է, որ նախարար եղած ժամանակ Երեւանում ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ «հայերի ջարդը հիշելու անհրաժեշտության» վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել:
Ինչպես Կնեսսետի պաշտոնական կայքում է նշվում, քննարկումների ընթացքում Էդելշտեյնն ընդգծել է, որ «այս քննարկումն ուղղված չէ որեւէ ժամանակակից երկրի դեմ, եւ միայն ցույց է տալիս, որ մենք ցավով ենք վերաբերվում այդ սպանդի հետեւանքներին ու զոհերի հիշատակը հարգում:
«Մենք ոչ-ոքի չենք մեղադրում, գործում ենք` ինչպես հրեաներ եւ շարունակում ենք հավատարիմ մնալ ճշմարտությանն ու այլ ժողովրդների տառապանքների մասին փաստերին: Մենք չենք կարող դիվանագիտական կամ քաղաքական զգուշամտությունից ելնելով հերքել պատմությունը եւ մարդկային արժեքներն ուրանալ», - հավելել է նախագահը:
Իր հերթին, տուրիզմի նախարար Ուզի Լանդաուն հայտարարել է, որ մարդկային ողբերգությունների, այդ թվում նաեւ` Հայոց ցեղասպանության ճանաչումը հրեաների եւ իսրայելցիների բարոյական պարտքն է: «Իսրայել պետությունը երբեք չի հերքել տեղի ունեցածը», - հայտարարել է նա` հույս հայտնելով, որ Թուրքիան եւ Հայաստանը դեռւես կարող են մի քանի տարի առաջ կնքված համաձայնագիրն ի կատար ածել:
Կնեսսետի պատգամավոր Ռեուվեն Ռիվլինը նաեւ հավելել է, որ այլ ժողովուրդների ողբերգությունների ճանաչումը հրեաների պարտքն է հանդիսանում: Պատգամավորը հիշեցրել է, որ հայերից հետո նույն բանը հրեաների հետ է պատահել: «Ինձ համար շատ դժվար է ներել այն երկրներին, որոնք անտեսել են մեր ողբերգությունը, եւ նույն կերպ էլ մենք չենք կարող մեկ այլ ժողովրդի ողբերգությունն անտեսել», - ընդգծել է Ռիվլինը:




























