Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ մայիսի 13-ին, բողոքի ակցիա անող եւ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված Գեւորգ Սաֆարյանի առողջական վիճակը լավ է, նա այժմ գտնվում է տանը:

NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգը պատմեց, որ ունի ծնկի վնասվածք եւ քթի, ձեռքերի եւ ոտքերի շրջանում սալջարդ:

«Ցավ կա դեռ, բժիշկներն ասել են, որ եթե բարդություններ լինեն, նորից դիմեմ: Չի բացառվում, որ ծնկիս հետ կապված բարդություն լինի, որովհետեւ ուժեղ ցավում է»,- ասաց նա:

Գեւորգի պատմելով՝ իրեն մեքենայի մեջ ծեծել են «հրեշտակ»-ները, ինչի կապակցությամբ էլ ինքը հաղորդում է տվել ոստիկանություն:

«Իմ դեմ էլ քրեական գործ է հարուցվել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ դասակի հրամանատար Արմեն Խաչումյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն ես այդ ոստիկանին չեմ ճանաչում: Չգիտեմ էլ ով է»,- ավելացրեց ակտիվիստը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի անունով կոչելու դեմ բողոքի ակցիա անող 7 ակտիվիստների մայիսի 13-ի առավոտյան բերման էին ենթարկել Մաշտոցի պուրակից:

Ոստիկանության լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված 7 քաղաքացիներից 6-ի նկատմամբ վարչական իրավախախտման  վերաբերյալ արձանագրություն է կազմվել՝ ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար, իսկ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Այնուհետեւ հենց ոստիկանությունից Գեւորգին տեղափոխել են հիվանդանոց: