Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի արեւելյան շրջանների` ՌԴ-ի հետ միավորման հավանականությունը հիպոթետիկ բնույթ ունեցող հարց է համարել:
«Մենք պետք է ոչ թե հիպոթետիկ հարցից սկսենք, թե ով ում կարող է միավորել, այլ այնտեղից, թե ինչպես են մարդիկ իրենց զգալու այս երկրում», - հայտարարել է Լավրովը` ի պատասխան Bloomberg-ի լրագրողի հարցի, թե արդյոք Ռուսաստանը կարող է երաշխիքներ տալ, որ Ուկրաինայի արեւելյան շրջանները չի գրավելու:
«Ուկրաինան ինչպես երբեք մոտ է քաղաքացիական պատերազմին: Ճգնաժամի լուծումը պետք է Ուկրաինայի բոլոր ռեգիոնների շահերի համատեղմամբ գտնվի: Հարավ-արեւելքում հիմա իսկական պատերազմ է ընթանում: Չի կարելի բանակցությունների սեղանին նստել, քանի դեռ ականանետների կրակ է լսվում», - ընգծել է նա:
Այդուհանդերձ, Լավրովը հերթական անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը հանրապետության հարավ-արեւելյան շրջաններ զորք մտցնելու մտադրություն չունի: Միեւնույն ժամանակ Մոսկվան լուրջ կասկածներ ունի, որ Ուկրաինայում արեւմտյան, մասնավորապես` ամերիկյան վարձկաններ են գործում: Վերջերս լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Կիեւի իշխանությունների կողմից երկրի արեւելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողություններին ՄԱԿ-ի խորհրդանիշներով ուղղաթիռներ են մասնակցում, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»:




























