Շիրակի մարզի Նահապետավան գյուղի մոտ մայիսի 13-ին մահացած հայտնաբերված տղամարդը Ավան գյուղի բնակիչ, 44-ամյա Յուրա Մարտիրոսյանն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ավանի գյուղապետ Գեւորգ Գալստյանը:
«Հոկտեմբերի 5-ից անհետ կորած էր, անասուններից մի քանիսը կորել էին, հետ էր գնացել սարեր ու այլեւս նրա մասին ոչինչ չգիտեինք: Էդ օրն է ձյուն եկավ, ու ավելի դժվարացավ որոնումները: Էսօր արդեն հաստատվեց, որ Նահապետավանի սարերում են գտել մահացած»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ Յուրա Մարտիրոսյանը ոչ միայն ցրտահարվել էր, այլեւ գազաններն էին հոշոտել: Նշենք, որ Յուրա Մարտիրոսյանը ամուսնացած էր, ուներ 18-ամյա տղա, իսկ ինքը զբաղվում էր անասնապահությամբ եւ այգեգործությամբ:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում նախիրը արածեցնող հովիվը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ նշված հատվածում մահացած մարդ կա:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածը տղամարդ է եւ նրա մարմինն ամբողջովին հոշոտված է եղել գազանների կողմից:




























