Հայաստանի կառավարությունը, կուտակային կենսաթոշակների պատճառով, պետական ծառայողների եւ ուսուցիչների դեմ հետապնդումներ է սկսել: Այս մասին մայիսի 14-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, Հովիկ Աբրահամյանը մինչեւ սեպտեմբերի 30-ը համակարգում ցանկացած գնով մինչեւ 200 հազար մարդ հավաքելու նպատակ է դրել` բարեփոխման կենսագործունեության «ճակատն» ապահովելու համար:
«Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե պատադիր համակարգը չի գործում, իսկ ես կպատասխանեմ, որ գործում է: Դպրոցներում, կրթական հաստատություններում, գյուղապետարաններում: Ընդ որում, որոշ հաստատություններ իրենք են աշխատակիցների փոխարեն կուտակային վճարումներն անում` մարդկանց թվաքանակի անհրաժեշտ պլանն ապահովելու համար», - ընգծել է խորհրդարանականը:
Նրա խոսքով, կառավարությունը համակարգը կամավոր է դարձրել, բայց զուտ ձեւականորեն. դրան չմասնակցելու համար հարկավոր է հայտարարագիր ներկայացնել: «Ասացեք խնդրեմ` աշխարհում էլ ո՞րտեղ ինչ-որ բանի չմասնակցելու համար պետք է թուղթ լրացնես: Ի՞նչ է` հանրապետական չդառնալու համա՞ր էլ պետք է հայտարարագիր տամ: Կամ տիեզերագնացների ջոկատին չմիանալու համար: Կամ` որ գարեջուր չեմ սիրում: Աբսուրդ է: Բայց, այդուհանդերձ, իմաստ ունի եւ շատ պարզ իմաստ: Պետական ապարատում, աշխատանքը վտանգելով, նման հայտարարագիր հարյուրից մեկը կարող է ներկայացնել: Մեզնից ո՞ր մեկը չգիտի դա», - հայտարարել է Արամ Մանուկյանը:
Նա քաղաքացիներին կոչ է արել տեղի չտալ եւ պահանջների ու սպառնալիքների դեպքում խմբակցություններին ու պատգամավորներին տեղյակ պահել: «Մենք խոստանում ենք, որ կպաշտպանենք ձեզ»,- հայտարարել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակիների մասին» օրենքի փոփոխության արդեն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում է մինչեւ սեպտեմբերի 30-ը հետաձգել կուտակային կենսաթոշակային վճարումների պարտադիր հավաքագրումը` համաձայն Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի վճռի: Մինչ այդ կառավարությունը պետք է «Կուտակային կենսաթոշակիների մասին» օրենքը դատարանի պահանջներին համապատասխանեցնի:




























