Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել էր մի վճիռ հրապարակել, որ բոլորին ձեռք կտա, բայց այս գործում երկիմաստություն չի կարելի թույլ տալ: Մայիսի 14-ին այս մասին հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա նշել է, որ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի վճռով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ եւ Սահմանադրությանը հակասող, եւ ուժը կորցրած են ճանաչվել:

«Խնդրում եմ ուշադրություն դարձնել տարբերությանը: Եթե օրենքի դրույթը միայն Սահմանադրությանը հակասող է ճանաչվում, կարելի է ժամանակ վերցնել դրա խմբագրման համար: Իսկ եթե ուժը կորցրած է ճանաչվում, ապա դրա վրա աշխատել այլեւս չի կարելի: Ինչպե՞ս կարելի է հետաձգել այն, ինչ գոյություն չունի: Իրադրության հիմնական մեղավորը մեր Սահմանադրական դատարանն է, որ որոշել է ամուսնանալ, բայց եւ կույս մնալ: Համ` ձեզ, համ` ինձ», - մեկնաբանել է Ջհանգիրյանը:

Արդյունքում, պատգամավորի համոզմամբ, եւ կառավարությունը, եւ ընդդիմությունը դատարանի որոշման մեջ տեսնում են այն, ինչ իրենց է ձեռնտու:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակիների մասին» օրենքի փոփոխության արդեն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում է մինչեւ սեպտեմբերի 30-ը հետաձգել կուտակային կենսաթոշակային վճարումների պարտադիր հավաքագրումը` համաձայն Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի վճռի: Մինչ այդ կառավարությունը պետք է «Կուտակային կենսաթոշակիների մասին» օրենքը դատարանի պահանջներին համապատասխանեցնի: