Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի բարձր հովանու ներքո՝ Մոսկվայում ապրիլի 15-իղ մայիսի 9-ը կայացել է «Զատիկ» XIII հոգեւոր փառատոնը:
«Զատիկ» XIII հոգեւոր փառատոնը /գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւ/ ընդգրկել է Ռուսաստանի Դաշնության շուրջ 40 քաղաք՝ Կալինինգրադից Վլադիվաստոկ: Ավանդաբար, փառատոնի շրջանակում կայանում է երգչախմբային արվեստի համերգաշար, որին այս տարի, միջազգային 23 հեղինակավոր երգչախմբերի շարքում, մեծ հաջողությամբ հանդես է եկել Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Ս. թ. մայիսի 4-7-ը երգչախումբը ելույթներ է ունեցել Դմիտրովի Ուսպենսկի Կաթողիկե տաճարում եւ Մոսկվայի Սուրբ Երրորդության տաճարում, ինչպես նաեւ՝ բարեգործական համերգով ներկայացել Կորոլյովի վերականգնողական կենտրոնում:
Մայիսի 7-ին Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի երգչախմբային արվեստի գալա համերգը, որին մասնակցել է «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ինչպես նաեւ երգչախմբեր՝ Ռուսաստանից, Չեխիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից եւ Վրաստանից։ Ծրագրում ընդգրկված էին Ի. Բախի, Ք. Պենդերեցկու, Ս. Ռախմանինովի, Ա. Լոտտիի, Ֆ. Պուլենկի, Ռ. Շեդրինի, հայ ժամանակակից կոմպոզիտորներ Դ. Հալաջյանի, Ա. Ավանեսովի հոգեւոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ՝ ռուսական ժողովրդական երգի կատարումներ՝ Ջ. Գյոզալյանի մշակմամբ: Ծրագրում ընդգրկված էին նաեւ հատվածներ Կոմիտասի «Պատարագ»-ից, հոգեւոր եւ աշխարհիկ շարքեր, որոնք արժանացել են առանձնահատուկ ուշադրության: Հանդիսատեսի բարձր գնահատականին է արժանացել ոչ միայն երգչախմբի բազմաժանր ծրագիրը, այլեւ՝ բարձր պրոֆեսիոնալիզմը:




























