Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությամբ պաշտոնական Փարիզը, որը ԵՄ առանցքային երկրներից մեկն է, ցույց տվեց, որ հասկանում է Հայաստանի արտաքին քաղաքականության ճշմարտացիությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ֆրանսուա Օլանդի հայտարարությունն այն մասին, որ Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիր ընդունի, որը կարող է համատեղել ԵՄ-ի հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ միության հետ:
Շարմազանովի խոսքով՝ պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականությունը եւ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը ամբողջական ըմբռնում են գտել պաշտոնական Փարիզի մոտ: «Երբ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո հայտարարվեց, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը չի նշանակում ԵՄ-ի հետ հարաբերությունների դադարեցում, դեռ այն ժամանակ ես ասացի, որ դա վերջակետ չէ Հայաստան-ԵՄ հարաբերություններում, այլ ստորակետ, որը շարունակություն կունենա: Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի «եւ-եւ»-ի քաղաքականությունը ըմբռնում է գտնում Եվրոպայում, եւ այն զգացմունքային հայտարարությունները, որոնք հնչեցին սեպտեմբերին, արդեն չկան»,-ասել է Շարմազանովը:
Նա նաեւ նշել է, որ Օլանդի հայտարարությունից առաջ եղել են եվրոպական մի շարք երկրների դեսպանների հայտարարությունները, որոնք մոտ են եղել հայկական դիրքորոշմանը այս հարցում:
Միաժամանակ ԱԺ փոխնախագահը հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի գնացել կամուրջներն այրելու, ԵՄ-ն ու ՄՄ-ը հակադրելու ճանապարհով:
«Մենք միշտ հայտարարել ենք այն մասին, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եւ մեզ համար անհրաժեշտություն է խորացված հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ բոլոր ոլորտներում: Ճիշտ կլիներ օգտվել դրական տնտեսական օգուտներից, որոնք ստանում է Հայաստանը՝ մտնելով Մաքսային միություն»,-նշել է Շարմազանովը:
Հարցին, թե արդյոք Օլանդի հայտարարությունը արտահայտում է պաշտոնական ԵՄ-ի դիրքորոշումը, ԱԺ նախագահը պատասխանել է, որ ԵՄ պաշտոնական դիրքորոշումը հայտնել է Քեթրին Էշթոնը, բայց դա չի նշանակում, որ պաշտոնական Փարիզը չի ազդում պաշտոնական Բրյուսելի դիրքորոշման վրա:




























