NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «France-Presse» գործակալության հոդվածը, որը հրապարակվել է «Le Huffington Post» ինտերնետ-թերթում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հավասարակշռողի դերը խաղաց Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում, որն ավարտվեց երեքշաբթի: Նա փորձեց խնայել Մոսկվայի զգացմունքայնությունը, սակայն միեւնույն ժամանակ հիմք դնել Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ ԵՄ մերձեցման համար:
Հարցն այնքան նուրբ է, որ 2013թ.-ի նոյեմբերին Ուկրաինայի իշխանությունների հանկարծակի հրաժարումը ԵՄ հետ ասոցացման համաձայնագրից հանգեցրեց ճգնաժամի, որն այսօր կործանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Բաքվում Օլանդը հասկացրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների մերձեցումը ԵՄ հետ «որեւէ մեկի դեմ ուղղված չէ»:
Ֆրանսիայի նախագահը մեկ այլ ազդանշանն ուղղեց Պուտինին. ռազմական երկու «Միստրալ» նավերը, որոնք կառուցվել են ֆրանսիական գործարաններում, կհասցվեն Մոսկվա՝ անկախ նոր Ռուսաստանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցներից:
Օլանդի կարծիքով՝ Ադրբեջանը, Հայաստանն եւ Վրաստանը «գործընկերներ» են, որոնք այժմ «անկախ են եւ մտահոգվում են իրենց զարգացմամբ», պետք է ազատ լինեն «իրենց ապագան որոշելու հարցում՝ միաժամանակ պահպանելով լավ հարաբերություններ»:
Հարավային Կովկասի հանրապետությունների շարքում ԵՄ-ին ամենամոտը Վրաստանն է: Այնտեղ Օլանդը երեքշաբթի ավարտեց իր շրջագայությունը: Այս երկրում դեռ նկատելի է 2008թ.-ին ռուսական բանակի միջամտության հետքը, երբ Մոսկվան ճանաչեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Եվ եթե վրացի առաջնորդները ձգտում են կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, նմանապես ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին:
Թբիլիսիում Ֆրանսիայի նախագահը հաստատեց Ֆրանսիայի հակվածությունը երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ, աջակցությունը հայտնեց Ասոցացման համաձայնագրի կնքմանը, որը պետք է տեղի ունենա հունիսին:




























