ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության՝ Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի երկրների այցի շրջանակներում Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի. Նախագահ Աբդուլա Գյուլի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Շիֆը մերժել է փաստարկն այն մասին, թե Թուրքիայում չէր կարող լինել ցեղասպանություն, քանզի այսօր այնտեղ ապրում են հայեր: Դա նույնն է, երբ նշվի, թե չի եղել Հոլոքոստ, քանզի այսօր Եվրոպայում հրեաները խուսափել են մահից: Շիֆը կասկածի տակ է առել նաեւ 1915-1923թթ. իրադարձությունների քննարկման հնարավորությունը:

Գյուլի հետ հանդիպման ընթացքում Շիֆը նշել է, որ ցանկանում է խոսել մի քանի տասնյակ հազար ծագումով հայ ընտրողների անունից: «80 հազար հայերից բաղկացած իմ ընտրազանգվածում չեք գտնի մեկին, որին չի անդրադարձել ցեղասպանությունը: Նրանց ցավն իրական է, վերքերը բաց են: Նշել, թե Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերը նույնպես կորուստներ են ունեցել նույնն է, ինչպես այն դեպքում, երբ նշեն, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացիները կորուստներ են ունեցել: Ճիշտ է, զոհվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ, սակայն դա չի ժխտում Հոլոքոստի փաստը, ինչպես եւ չի ժխտում այն, որ եղել է հայերի ցեղասպանություն: Ցեղասպանության փաստերի հաստատման համար պատմական հանձնաժողովի ստեղծումը շարունակելը ոչ մի կերպ չի տարբերվում Հոլոքոստի հաստատման համար հանձնաժողովի ստեղծումից»,- հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը:

Շիֆը բարձրացրել է Քեսաբի հարցը, անհանգստություն է հայտնել սիրիական այս շրջանից հայ համայնքի հարկադիր տարհանման կապակցությամբ: Նա նաեւ կոչ է արել Թուրքիային Հայաստանի շրջափակման հարցն առանձնացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից՝ Հայաստանի տնտեսական մեկուսացմանը վերջ տալու եւ առեւտրական հարաբերությունները կարգավորելու համար: