Գորիսի քաղաքապետի թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը չի բացառում, որ ընտրություններին ինքն ու Արա Բուդաղյանը կմիավորեն ուժերն ու միասին կպայքարեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարը պարզաբանում է, թե ինչ հարաբերություն ունի Արա Բուդաղյանի եւ Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հետ:

Ե՞րբ որոշեցիք առաջադրվել Գորիսի քաղաքապետի պաշտոնում:

Որոշակի քննարկումներ եղան տարբեր շերտերի հետ, Գորիսի հիմնախնդիրները լուծելու եւ մեր ուժերի նկատմամբ մեր վստահության համար, նաեւ որոշակի հասարակական աջակցություն, որը ի սկզբանե կար:

Ինչո՞ւ գործարար Տիգրան Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն:

Իհարկե համայնքապետի ընտրությունը, համայնքապետի պաշտոնը որոշակի քաղաքական տարրեր է պարունակում, բայց նաեւ որոշակի ոչ քաղաքական ենթատեքստ կա այս ամենի մեջ: Կարծում եմ՝ պետք չի խիստ կատեգորիկ բաժանում դնել, որ գործարարը չի կարող լինել քաղաքապետ: Իսկ ընտրվելուց հետո իհարկե բիզնեսով չեմ զբաղվելու, իսկ գործարար լինելը ոչ թե կխանգարի, այլ կօգնի, որովհետեւ քաղաքը ղեկավարելու մեջ որոշակի պրոֆեսիոնալիզմ, մենեջմենթ է պետք: Չեմ կարծում, որ կխանգարեն, նպաստող հանգամանք է լինելու գործարար լինելը, իսկ իմ ընտրվելուց հետո իմ եղբայրը կզբաղվի, որովհետեւ սա մեր ընտանեկան բիզնեսն է:

Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորություններն առաջիկա ընտրություններին:

Իհարկե բարձր, Համոզված եմ, որ կստանամ գորիսեցու վստահության քվեն, որովհետեւ հենց հաղթելու համոզմունքն է մարդկանց համոզում առաջադրվել:

Գորիսի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրվել են ՀՀԿ-ական երկու թեկնածու՝ Արա Բուդաղյանը, որը ըստ գորիսեցիների՝ Ձեր ընկերն է, եւ Վաչագան Ադունցը, ում սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ի՞նչ եք կարծում՝ նրանք ինչքանով արգելք կլինեն Ձեզ համար:

Որեւէ թեկնածու մեզ համար խնդիր չէ: Ինչ վերաբերվում է Սուրիկ Խաչատրյանին, Սյունիքը չորս նախկին մարզպետ ունի եւ չորս նախկին մարզպետներն էլ ունեն նախկին մարզպետների չափ ազդեցություն: Սյունիքում ազդեցություն ունի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Որեւէ մեկը չեմ կարծում, որ ազդեցություն ունի Վահե Հակոբյանի որոշումների վրա:

Ասում են, որ հենց Ձեզ էլ ընտրություններին սատարելու է Վահե Հակոբյանը:

Մենք Վահե Հակոբյանի հետ ընկերներն ենք, այսքանը այս հարցի շուրջ կցանկանայի խոսել, ավելին չէի ցանկանա ասել, մենք ընկերներ ենք, այսքանը:

Պարոն Կարապետյան, Գորիսի մեկ այլ թեկնածուի՝ Արա Բուդաղյանի հետ Դուք ընկերներ եք: Ձեզ համար ինչքանո՞վ հեշտ կլինի պայքարել Ձեր ընկերոջ դեմ:

Մենք իրար չենք խանգարելու, ես դա հայտարարում եմ հստակ, ինչ զարգացումներ կլինեն, առաջիկայում կտեսնեք: Ով էլ ընտրվի, մյուսը չի նեղանա: Շատ հավանական եմ համարում, որ մեր ուժերը կմիավորենք եւ միասին կպայքարենք:

Պարոն Կարապետյան, բայց Սուրիկ Խաչատրյանն ու Էմիլ Բուդաղյանն էլ ընկերներ էին, սակայն գժտվեցին Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եւ հունիսի 1-ի գիշերը եղավ այն, ինչ եղավ:

Համեմատությունը տեղին չեմ համարում, Ձեր նշած անձն ու ես տարբեր մարդիկ ենք, տարբեր արժեքներ ունենք: Նորից եմ ասում, որ ես եւ Արա Բուդաղյանն իրարից չենք նեղանալու:

Եվ վերջում, պարոն Կարապետյան, Գորիսում թե՞ժ ընտրություններ են լինելու:

Թեժ չէի ասի, թեժության աստիճանը հետո կերեւա, այս պահին դեռ լարվածություն չկա: Գորիսում կա հասարակական ակտիվություն, մարդիկ խոսում են, նորմալ է, սակայն լարվածություն չկա: