Վարդենիկի ավագ դպրոցում ուսուցչի եւ աշակերտների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով աշակերտներ Մեսրոպ Գրիգորյանին՝ մեկ տարվա, իսկ Արկադի Պողոսյանին եւ Աբրահամ Շահինյանին 6 ամսվա ազատազրկման դատապարտելու որոշումը շոկի մեջ է գցել ոչ միայն երեխաների հարազատներին, այլեւ ուսուցչին եւ նրա եղբորը՝ դպրոցի տնօրենին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Կամո Բադալյանը:
«Մենք մինչեւ հիմա շոկի մեջ ենք ուղղակի, ես ու եղբայրս չէինք ուզում, որ նման բան լիներ: Մենք բողոք չենք ներկայացրել, եղբայրս էլ դատի ժամանակ հայտարարեց, որ չի բողոքում եւ չի էլ պատրաստվում բողոքել, բայց դատարանը նման վճիռ կայացրեց: Մենք չէինք ուզում, որ մեկ օր գաղութ նստեն այդ երեխաները: Ես ինքս շատ վատ վիճակի չեմ, իմ աշակերտներն են, որոնց 10 տարեկան հասակից ճանաչում եմ»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն էլ դրական բնութագիր է ներկայացրել դատարան:
Կամո Բադալյանի խոսքով՝ չնայած եղբայրը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանը, դեռեւս առողջական խնդիրներ ունի եւ չի աշխատում, այնուամենայնիվ, իրենք ոչ մի բողոք չունեն, «նույնիսկ այդ երեխաների հարազատներին են հասկանում, որ ամեն կերպ իրենց վիրավորում են»:
Մեր հարցին՝ այդ դեպքում դպրոցի տնօրենն ու ծեծված ուսուցիչը պատրաստ են գյուղացիների հետ ավտոմայրուղի փակել կամ ցույցեր անել կառավարության առջեւ՝ Կամո Բադալյանը պատասխանեց, թե «ինքը աշխատող է եւ եթե թույլ տան, կմիանա երեխաների հարազատներին»:
«Եթե թույլ տան, ինչո՞ւ չէ, ես այդ երեխաների համար մինչեւ այս էլ բավականին բան եմ արել»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի եւ 12-րդ դասարանացիներ Մեսրոպ Գրիգորյանի, Աբրահամ Շահինյանի եւ Արկադի Պողոսյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 3 աշակերտներին մեղադրանք է առաջադրվել, Մեսրոպ Գրիգորյանին դեկտեմբերի 3-ին կալանավորել են: Ծնողներն ու աշակերտներն ասում են, որ ուսուցիչը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, ինչից հետո է սկսվել, այս լուրը հերքում է դպրոցի տնօրենը։ Աշակերտները NEWS.am-ին պատմեցին, որ միայն ֆիզկուլտուրայի ուսուցիչ, իրենց դասղեկ Սեւակ Բադալյանը չէ, որ տնօրենի հարազատն է, դպրոցի ուսուցիչների մի մասը նրա բարեկամներն են։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 13-ին կայացրեց վճիռ, որը բարկացրել էր հարազատներին եւ նրանք պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել Երեւանում՝ կառավարության եւ Ազգային ժողովի առջեւ:




























