Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մոտեցումը՝ Հայաստանի եվրոպական ասոցիացիայի վերաբերյալ լրիվ իրատեսական ու սթափ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:
Նա ողջունում է Օլանդի հայտարարությունը եւ ընդունել է համարում նման մոտեցումը, քանի որ Ֆրանսիայի նախագահը ըմբռնումով է մոտենում իրավիճակին, որում գտնվում է Հայաստանը, եւ չի կրնում նախորդ տարվա հայտարարությունը՝ ուժային մեթոդների, ճնշում գործադրելու մասին:
Հարցին՝ հնարավո՞ր է ԵՄ-ի հետ հասնել համաձայնագրի կնքման՝ քաղաքական համագործակցության զարգացման վերաբերյալ, հաշվի առնելով ԵՄ առաջատար երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, Հարությունյանը պատասխանել է. «Իհարկե, ԵՄ-ն բազմաբաղադրիչ հասկացություն է, սակայն եթե ԵՄ-ի առաջատար երկրներում նման մոտեցում է ձեւավորվել, դա, ամենայն հավանականությամբ, այն գաղափարախոսությունն է, որի հիման վրա ԵՄ-ն ուզում ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ»:
Անդրադառնալով հարցին, թե ուկրաինական իրադարձությունները կարո՞ղ էին ազդել Հայաստանի նկատմամբ ԵՄ երկրների նման դիրքորոշման վրա, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ հաշվի առնելով Գերմանիայի ԱԳՆ հայտարարությունը, կանցլեր Անգելա Մերկելի դիվանագիտական մանեւրները, տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ-ի որոշ երկրների ղեկավարները հասկանում են, որ ուկրաինական իրադարձություններում զգալի մեղավորության բաժին ունեն նաեւ եվրոպական երկրները: «Բոլոր դեպքերում ուժային միջոցները իրենց չեն արդարացնում: Այո, ուկրաինական դեպքերը որոշ առումով նպաստել են, որ ԵՄ երկրները առավել ընդունելի մոտեցումներ ցուցաբերեն իրենց բարեկամ երկրների նկատմամբ»,-ամփոփել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր. «Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ համագործակցությունը Ռուսաստանի հետ առեւտրային միությանը համատեղել: Հարակավոր է Հայաստանի եվրաինտեգրման այնպիսի մոդել գտնել, որ չի հակասի Մաքսային Միության անդամակցությանը»: Նրա խոսքով, դա այնքան էլ մեծ խնդիր չէ, հարկավոր է ընդամենը այդ ուղղությամբ աշխատանքներ տանել:
Իր հերթին Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը հայտարարել է, որ Երեւանը դեռ կարող է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել նույնիսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ փաստաթուղթն այլ անվանում կունենա, քանի որ «Ասոցացման համաձայնագիրը» վերաբերում է համագործակցության այլ շրջանակների:




























