Ռուսաստանում հուլիսի 13-ին վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով մայիսի 13-ին նշանակված դատական նիստը չի կայացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
«Հրաչյային բերել են դատարան, բայց չեն ներկայացրել, նիստն էլ հետաձգել են, այսօր է լինելու: Ավելին մեզ չեն ասել»,- ասաց նա:
Թե ինչու դատը չի կայացել, ամբաստանյալի հարազատները ոչինչ չգիտեն:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով էր ողջ մնացել:
Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Այժմ վարորդին սպասվում է մինչեւ յոթ տարի ազատազրկում՝ Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու եւ ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել: Նախորդ դատական նիստին Հրաչյա Հարությունյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց հերքել է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մասին ներկայացված մեղադրանքը:




























