Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն արդեն մեկ շաբաթ կարել է բերանը, սակայն բժիշկներին թույլ է տալիս վերքերը մշակել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից:

«Դավիթ Խաչատրյանի մոտ որեւէ դրական փոփոխություն չկա, բժիշկների հետ համագործակցում է, վերքերը մշակում են, սոցիալ-հոգեբանների կողմից ամեն ինչ արվում է, որ հրաժարվի այս մտքից եւ թույլ տա քանդել կարերը»,- ասացին մամուլի ծառայությունից:

Դավիթի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամբաստանյալի հարազատները ոչ մի կերպ չեն կարողանում համոզել նրան՝ հետ կանգնելու այդ քայլից. «Թույլ է, հաց չի ուտում, սակայն ոչ մի կերպ հետ չի կանգնում: Եղբայրը փորձել է համոզել, սակայն չի համաձայնվում, ասում է, թե որեւէ այլ տարբերակ ինքը չի տեսնում: Դավիթն ուզում է, որ արդար դատավարություն լինի, որը չկա: Մեղադրողի ճառը հենց ապացուցում էր, որ դատաքննությունը ոնց որ ձեւական բնույթ կրի»:

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ի դատական նիստից հետո հայտարարել է հացադուլ եւ կարել բերանը: Դավիթ Խաչատրյանն այս կերպ իր բողոքն է հայտնում մեղադրողին, որը 18 տարվա ազատազրկում է պահանջում 20-ամյա երիտասարդի համար:

Ի դեպ այսօր լրանում է Լյուքս Ստեփանյանի մահվան մեկ տարին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: