Ֆրանսիացի լրագրող Լորան Ռիչարդն ու նրա օպերատորը ձերբակալվել են Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է France-2 հեռուստաալիքի վերլուծական հաղորդումներից մեկի խմբագիր Բենուե Բրինգերը:

Ըստ նրա՝ լրագրողները հավատարմագրված էին Ֆրանսուա Օլանդի Բաքու կատարած այցը լուսաբանելու համար: Նախագահի մեկնումից հետո լրագրողները որոշել էին երկու օր էլ մնալ մայրաքաղաքում եւ մի քանի ռեպորտաժ պատրաստել:  Սակայն նրանց ձերբակալել են 15 իրավապահներ, խլել բոլոր ձայնագրությունները եւ սարքավորումները ու արտաքսել երկրից:

Գլխավոր խմբագիրը նաեւ նշել է, որ լրագրողները, ի թիվս այլոց, պետք է  ռեպորտաժներ պատրաստեին Ադրբեջանի ու Ֆրանսիայի տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի մասին:

«Շատ տարօրինակ է, որ լրագրողներին ձերբակալել են նույն օրը, երբ Ադրբեջանը ստանձնել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս ամենը խոսում է այդ երկրում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության վիճակի մասին»,- ասել է նա՝ նշելով, որ կատարվածի մասին արդեն իրազեկել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին եւ Բաքվում այդ երկրի դեսպանատանը:

Ամենայն հավանականությամբ, ֆրանսիացի լրագրողների արտաքսումը դեմարշ է ԱՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դեմ: Ավելի վաղ դեսպան Պասկալ Մոնյեն «վատամարդ էր դարձել» Յունուսի Փարիզ մեկնելու փորձին օժանդակելու համար: