Հայաստանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապեւտիկ բաժանմունքի բժիշկ օրդինատոր, բուժծառայության կապիտան Սուսաննա Լեւոնի Եգանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ խոշոր չափի կաշառք ստանալը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Չի բացառվում, որ այս գործով կլինեն այլ մեղադրյալներ:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ներկայանալով որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից պահանջել եւ ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչեւ զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապեւտիկ բաժանմունքում պահելու համար: