Մոսկվայի շրջանի Պուշկինո քաղաքի իրավապահները երկաթգծային կայարանի մոտ տեղի ունեցած ընդհարման ժամանակ տեղաբնակներից մեկին ծեծելով մահվան հասցրած չարագործներին են փնտրում:

Քննության ներկայացրած վարկածի համաձայն, մայիսի 13-ի երեկոյան քաղաքի 23-ամյա բնակիչ Լեոնիդ Սաֆյաննիկովն իրեն պատկանող ավտոմեքենան առեւտրային տաղավարներից մեկի մոտ է կայանել` փակելով տեղական շուկայի մուտքի ճանապարհը, ինչի արդյունքում բանավեճ, իսկ այնուհետեւ` ընդհարում է ունեցել մի 26-ամյա ուզբեկի հետ: Ծեծկռտուքի ընթացքում 23-ամյա ուսանողը գլխին հարված է ստացել եւ ընկնելիս էլ` ասֆալտին բախվել:

Տեսահսկման խցիկների ձայնագրություններին հղում անելով, «Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ ընդհարմանը երկու ներգաղթյալ է մասնակցել, որոնք այնուհետեւ տուժածի BMW մակնիշի ավտոմեքենան են նստել եւ բարձր արագություն հավաքելով` մոտակա սյանը հարվածել: Ի վերջո նրանք որոշել են անգիտակից վիճակում գտնվող տուժածին մեքենայի ղեկին նստեցնել` վթարի տպավորություն ստեղծելու նպատակով: Մահացող երիտասարդին մեքենայի մեջ փակելուց հետո չարագործները բանալիները մոտակայքում շաուրմա վաճառող առեւտրականին են հանձնել:

Տուժածին անգիտակից վիճակում հիվանդանոց են հասցրել, որտեղ նա գիշերը մահացել է:

Ինչպես տեղական լրատվամիջոցներն են հաղորդում, շուկայում տեղի ունեցած միջադեպին ոչ ոք չի միջամտել: Ավելի ուշ պարզվել է, որ մահացած ուսանողը «Սպարտակի» երկրպագուն է եղել: Տեղաբնակ երիտասարդները պահանջում են գտնել եւ պատժել մեղավորներին, ինչպես նաեւ արգելել առեւտուրը երկաթգծային կայարանի գոտում, իսկ անօրինական ներգաղթյալներին էլ` դուրս շպրտել քաղաքից: