Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության Dupuy de Lome նավը մայիսի 14-ի երեկոյան Սեւ ծովի տարածք է մտել:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը նշել է, որ նավը ռադիոէլեկտոնային հետախուզություն իրականացնելու, մասնավորապես` ազդանշաններ (նաեւ` արբանյակներից ստացվող) որսալու եւ վերլուծելու համար է նախատեսված:
Dupuy de Lome-ի վրա տեղակայված սարքավորումները կարող են ամենաժամանակակից եղանակներով իրականացվող հաղորդումները որսալ` էլեկտրոնային փոստի հաղորդագրություններն ու բջջային հեռախոսազրույցները ներառյալ, հաղորդում է Ինտերֆաքսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Vella Gulf հածանավի` մայիսի 9-ին նախատեսված մուտքը Սեւ ծովի տարածք հետաձգվել է մինչեւ ամսվա վերջ: Ամենայն հավանակությամբ, այն Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրություններից առաջ կժամանի: Այս մասին տեղեկությունը գործակալության` Մոսկվայի ռազմա-դիվանագիտական աղբյուրներից է ստացվել: Ինտերֆաքսի զրուցակցի համոզմամբ, այդ կերպ Միացյալ Նահանգները ցանկանում են Ուկրաինայի նոր իշխանությանն իրենց աջակցությունը ցույց տալ:




























