Մայիսի 7-ին Թբիլիսիում իր աշխատանքն է սկսել «Հանդուրժողականությունը որպես համագործակցության նախապայման» թեմային նվիրված հայ-վրացական գիտաժողովը, որի կազմակերպիչներն են Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը և Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ելույթներով հանդես են եկել Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Խուբուան, Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինը, Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ռոբին Լիդելը, Վրաստանի ռեինտեգրացիայի նախարար Թեմուր Յակոբաշվիլին, Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդական Կաոպո Քանդը:

Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի գիտնականներ և միջազգային քաղաքական հետազոտությունների փորձագետներ:

Մասնակիցների թվում են Վրաստանում հավատարմագրված Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մայիսի 8-ին նախատեսված են գիտաժողովի մասնակիցների այցելությունները Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդարան և Հայաստանի դեսպանություն: Նույն օրը նրանք կայցելեն Խոջիվանքի` Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և ծաղկեպսակ կդնեն հայ անմեղ զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին: