Ներդրումների ավելացումը, մասնավոր սպառման աճը եւ մեղմ ձմեռը ընթացիկ տարեսկզբին նպաստել են Գերմանիայում տնտեսական աճի կտրուկ ավելացմանը: Առաջին եռամսյակում երկրի ՀՆԱ-ն ավելացել է 0,8 տոկոսով՝ նախորդ եռամսյակի համեմատ, երբ ցուցանիշը 0,4 տոկոս էր կազմել, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով դաշնային վիճակագրական ծառայությունը:
Մասնագետների նախնական եզրահանգմամբ՝ դրական ազդակները պայմանավորված են ներքին շուկայի իրավիճակով: Պետությունն ու սպառողները ավելացրել են իրենց ծախսերը, ավելացել են ներդրումները շինարարական ոլորտում: Միաժամանակ, արտաքին առեւտրի ոլորտում տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն է նկատվում:
2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ Գերմանիայի ՀՆԱ-ն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին աճել է 2,5 տոկոսով, որը ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու տարիներին:



























