ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մայիսի 15-ին հանդիսավորությամբ կբացի սեպտեմբերի 11-ի ազգային թանգարանը, որն այցելուների համար բաց կլինի հաջորդ շաբաթվանից:

Թանգարանը կառուցվել է «երկվորյակ երկնաքերների» տեղում, որոնց մեջ էին մխրճվել ահաբեկիչների օդանավերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Թանգարանի 700 մլն դոլար արժեցած շինարարությունը շարունակվում էր մի քանի տարի:

Թանգարանը գրեթե ամբողջությամբ գետնի տակ է: Ցուցանմուշների շարքում կան աշտարակների մետաղական կոնստրուկցիաների խոշոր բեկորներ եւ ողբերգությունը հիշեցնող այլ առարկաներ. Զոհերի լուսանկարներ, օգնություն աղերսող գրություններ, ձայնագրություններ, որոնցում մարդիկ պատմում են, թե որտեղ են եղել, երբ լսել են ողբերգության մասին եւ տեսել հեռուստացույցով ցուցադրվող կադրերը:

Ցուցահանդեսի վերջում ցուցադրվում է The Rise of al-Qaida ֆիլմը:

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհ էր դարձել 3 հազար մարդ: