Երկու ամերիկացի առաջնակարգ քաղաքագետներ Ուկրաինայում նախագահական ընտրությունները հետաձգելու կոչ են արել` հայտարարելով, որ այն պայմաններում, երբ երկիրը «բոլորիս աչքի առաջ փլուզվում է», անհնար է դրանց համոզիչ արդյունքներն ապահովել: 

Կարնեգիի հիմնադրամի ռուս-եվրասիական ծրագրի տնօրեն Յուջին Ռումերը եւ հիմնադրամի` հետազոտական աշխատանքների գծով  փոխնախագահ Էնդրյու Վայսն իրենց տեսակետը Politico Magazine պարբերականում հրապարակված հոդվածի շրջանակում են հայտնել, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»:

«Ճգնաժամը գնալով ցածրորակ քաղաքացիական պատերազմ է հիշեցնում: Սիրողական տեսնյութերում առկա անիմաստ բռնությունները սովորական երեւույթ են դառնում», - գրում են նրանք:

Հեղինակների համոզմամբ, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում անկացված հանրաքվեն չի կարող օրինական լինել: Միեւնույն ժամանակ, Ուկրաինան վերամիավորելու համար «տիտանական աշխատանք է պահանջվում. գործընթացը կարող է տարիներ ձգվել»:

«Կարելի է միայն ենթադրել, թե ինչ մթնոլորտում կանցնեն մայիսի 25-ին նշանակված համընդհանուր ընտրությունները», - գրում են Ռումերն ու Վայսը` ենթադրելով, որ դրանք կարող են նոր ընդհարումների պատճառ դառնալ: