«Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը թևակոխում է իր գործունեության նոր փուլ, իսկ արդյունքը լինելու է ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 15-ին, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամների ասուլիսի ժամանակ:
«Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրներից Նիկոլ Փաշինյանը մասնավորապես, նշել է, որ իրենք ունեն իշխանափոխության իրենց ծրագիրը, որն անցնում է ինստիտուցիոնալ փոփոխության, ստվերային կառավարության ստեղծման ճանապարհով:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ ներկայացնելուն, Փաշինյանն ասել է. «Այն պահին, երբ Պայմանագիրը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կհեռանա իշխանությունից, դա կլինի հայտարարությունից մեկ ամիս հետո: Մենք՝ որպես քաղաքական գործիչներ, պատրաստ ենք հետագայում էլ կրել այդ զրկանքները, բայց մեզ համար խնդիրն այն է, որ Ազատության հրապարակը և ՀՀ քաղաքացին չպետք է հիասթափվեն, չպետք է կոտրվեն»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Փաշինյանի խոսքով՝ վերջին 5 ամիսներին իրենց գործունեությունը նվիրված է եղել անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքի ձևավորմանը:
Իր հերթին, Պայմանագրի խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանն ասել է. «Մենք մեր գործունեության ընթացքում այնպիսի խնդիրների մասին չենք խոսելու, ծրագրեր առաջ չենք քաշելու, որոնց լուծումը կարճաժամկետ կտրվածքով չենք տեսնում: Մենք այն ժամանակ հանրահավաքներ կհրավիրենք, մարդկանց կհանենք փողոց, երբ ունենանք կոնկրետ խնդիրներ ու դրանց լուծման կոնկրետ ճանապարհային քարտեզներ: Մենք չենք պատրաստվում հիասթափեցնել ժողովորդին և այս պահին իշխանափոխության կոչեր անենք: «Քաղաքացիական պայմանագիրը» նման կոչեր կանի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ ի զորու է դա կատարել»:
Նրա խոսքով՝ ո՛չ արտահերթ ընտրությունները, ո՛չ էլ հերթական ընտրություններն օրակարգային չեն համարում այս պահին:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը եւ Լենա Նազարյանը:




























