Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբը ողջունում է Արցախում վերգտնված խաղաղության 20 տարին: Այս առնչությամբ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Քսան տարի առաջ, 1994 թ-ի մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները ստորագրել են զինադադարի համաձայնագիր: Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը ջերմորեն շնորհավորում է այդ տարեդարձը :

Նույն պահին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կարեւոր այցով գտնվում էր Հարավային Կովկասում. կարծում ենք դա երջանիկ զուգադիպություն է:

Այդ առիթով նա վերահաստատեց, ինչի համար ուրախ ենք, Ֆրանսիայի հատուկ ներգրավվածությունը, որը «որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, չի անտեսում ոչ մի ջանք` հակամարտության խաղաղ կարգավորումը դյուրացնելու նպատակով»: 

Իրավացիորեն Հանրապետության նախագահը շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ խաղաղությունը անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրներին:  Ինչպես հայտարարեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսյեն «Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում եւ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է մեծացել խաղաղության մեջ: Այդ երկրների քաղաքացիները չեն կամենում վերսկսել թշնամանքը եւ ամենից շատ տենչում են սոցիալական եւ տնտեսական արդար եւ  ներդաշնակ զարգացման`իրենց հիմնարար իրավունքները հարգելով»:

Ինչպես այդ մասին Երեւանում ասաց Ֆրանսուա Օլանդը, մենք կարծում ենք, որ հրադադարը կարգավորում չէ, հիշեցրեց խմբի փոխնախագահ Ռընե Ռուքեն : «Մենք պետք է բոլորս միասին աշխատենք հիմնվելով նախագահի  նշած հիմքերի վրա եւ մասնավորապես, հանրաքվեի հիման վրա, որ ինչպես նա շեշտեց, այդ տեսանկյունից ոչ մի խնդիր չի ներկայացնում»,- շարունակեց նա:

Բարեկամության խումբը լիովին սատարում է վերջին օրերին եւ հատկապես մայիսի 11-ին Բաքվում վերահաստատված Ֆրանսիայի դիրքորոշումը` միայն Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների հովանու ներքո հակամարտության կարգավորման վերաբերյալ : Խումբը համարում է, որ համապարփակ կարգավորման որոնումը, որին ձգտում են ներգրավված բոլոր կողմերը, ենթադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներգրավումը բանակցային գործընթացին եւ իր բնակչության կամքի արտահայտումը հանրաքվեի միջոցով, որի մասին նշեց Հանրապետության նախագահը:

Ինչու առավել ուշացնել: «Հակամարտության վերջնական կարգավորման սկզբունքները հայտնի են բոլորին, իսկ դրանց շրջանակը սահմանված է: Այդ հիմքերի եւ շրջանակի վիճարկումները բարի կամք դրսեւորող ցանկացած անձի կողմից կարող է միայն մեկնաբանվել որպես Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի  Հանրապետությունների վերջնական խաղաղություն հաստատող համաձայնագրի ստորագրումը ձգձգող եւ խոչընդոտող հնարքներ»,- եզրակացրեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: