Հայաստանում կան իշխանական շրջանակներ, որոնք իսկապես համոզված են, որ տարածքների զգալի մասի հանձնման դիմաց Արցախի միջազգային ճանաչումը լավ գին է խաղաղություն ստանալու դիմաց: Ես չեմ կիսում այդ համոզմունքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, ում հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

Ինչպես եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, կապված հատկապես ստատուս քվոյի անթույլատրելիության, տարածքների վերադարձի հետ:

Տարածաշրջանի ժողովուրդների համար կարեւորը՝ փոխընդունելի եւ արժանապատիվ պայմաններով երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարն է: Բանակցային գործընթացի բուն նպատակը պետք է լինի հենց այսպիսի խաղաղության հասնելը: Հուսով եմ, որ համանախագահների ուզածն էլ է սա, սակայն, ցավոք, նրանց ջանքերով շրջանառության մեջ դրված Մադրիդյան սկզբունքները հիմնված են հակամարտության խեղված ժամանակագրության վրա եւ, ըստ էության, անտեսում են ավելի քան կես միլիոն հայ փախստականների արմատական շահերի եւ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: Ես հասկանում եմ, որ այդ մարդկանց մասին հավուր պատշաճի բարձրաձայնելը կբարդացնի համանախագահների միջնորդական առաքելության իրականացումը, բայց ով է ասել, որ այն պետք է հեշտ լինի ի հաշիվ հարյուր հազարավոր բռնագաղթված մեր հայրենակիցների խեղված ճակատագրերի:

Հայ փախստականների հանդեպ համանախագահների վերաբերմունքն ակնհայտորեն խտրական է եւ դա երեւում է ամեն քայլափոխի: Ցավոք, Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած պահվածքը մեր հայրենակիցների հանդեպ համահունչ է համանախագահների մոտեցումներին՝ հենց մեր իշխանավորների ձեռքերով է իրականացվում հայ փախստականների գործոնի քաղաքական, ֆիզիկական ոչնչացումը, հանուն այն բանի, որ իրականությունը հարմարեցվի Մադրիդյան սկզբունքների դրույթներին, այլ ոչ թե այդ դրույթները հիմնվեն իրական գործոնների վրա:

Հայաստանի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ հայկական կողմի դիրքորոշումները համահունչ են միջազգային միջնորդների դիրքորոշումներին: Այսինքն ստացվում է, որ Հայաստանը դեմ չէ՞ տարածքների վերադարձին, մյուս բոլոր դրույթների իրականացման պարագայում: Թե՞ սա մարտավարություն է պարզապես:

Կարծում եմ, որ Հայաստանում կան իշխանական շրջանակներ, որոնք իսկապես համոզված են, որ տարածքների զգալի մասի հանձնման դիմաց Արցախի միջազգային ճանաչումը լավ գին է խաղաղություն ստանալու դիմաց: Ես չեմ կիսում այդ համոզմունքը: Տեւական խաղաղության հիմքում կարող է լինել միայն կատարվածի համար կողմերի պատասխանատվության չափի արդար գնահատականը՝ սա պետք է լինի միջնորդների գործը, այլ ոչ թե խոսակցություններն այն մասին, թե ով ում ինչ պետք է տա: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Հայաստանին պատանդ են վերցրել ու փրկագին են ուզում՝ իսկական մի նորօրյա «Չարի վերջը», մենք էլ` կկվի դերում:

Միջնորդների առաջարկած սկզբունքներում շեշտը դրվում է ադրբեջանցի փախստականների վերադարձի վրա, ինչ պետք է անի հայկական կողմը՝ հայ փախստականների խնդիրը օրակարգ բերելու համար:

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ աշխատել են զրոյացնել հայ փախստականների գործոնը: Դրա համար միջազգային կառույցները ՀՀ պատկան պետական կառույցներին նաեւ որոշակի գումարներ են հատկացրել՝ փախստականների իբր ինտեգրման ծրագրեր իրականացնելու համար: Այս, ըստ էության չնչին, դրամական հատկացումներն, իմ համոզմամբ, պաշտոնական Երեւանի լռության գինն են կազմել: Երբ հայ փախստականների խնդիրն արծարծում էինք համանախագահ երկրների դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ, նրանք մշտապես ասում էին, որ այդ հարցը պետք է Հայաստանն ինքը բարձրացնի բանակցային սեղանի շուրջ, իսկ հայ պաշտոնատարներն էլ հրաժարվել են այդ թեմային անդրադառնալ, քանի որ լծված են եղել հայ փախստականների “ինտեգրման” համար դրսից հատկացված գումարները նպատակային կերպով ծախսելու կարեւոր գործին: Հայ փախստականների խնդիրը բանակցային օրակարգ կմտնի այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները պնդեն դրա անհրաժեշտությունը: Բարեբախտաբար, անցած մոտ տասը տարիների ընթացքում հաջողվել է «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի անդամ կազմակերպությունների ջանքերով ուղիղ եւ կայուն կապ հաստատել Հայաստանում եւ, հատկապես, արտերկրում ապաստանած տասնյակ հազարավոր փախստական ընտանիքների հետ, այնպես որ, հակառակ գործադրված բոլոր հնարքներին, հայ փախստականների խնդիրը լռության մատնել չի հաջողվի:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am