Ուկրաինայի արեւելքում հակաահաբեկչական գործողությունը կդադարեցվի, եթե հանձնեն զենքը եւ ազատեն պատանդներին: Այս մասին Ուկրաինայի նախագահի ժ/պ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է պատգամավորական խմբերի եւ խմբակցությունների հետ խորհրդակցությունից հետո, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Համաձայնեցման խորհրդի ժամանակ մենք քննարկել ենք Ուկրաինայի Գերագույն ռադայի համապատասխան հայտարարագիր ընդունելու վերաբերյալ հարցը», - ասել է նա, հավելելով, որ այդ փաստաթուղթը մշակելու համար կարող է խումբ ստեղծվել՝ յուրաքանչյուր խմբակցության ներկայացուցիչների մասնակցությամբ, «որը հակաահաբեկչական գործողությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկ կներկայացնի, երբ հանձնվի զենքը, երբ ազատվեն բոլոր պատանդները»:
Բացի դրանից՝ Տուրչինովը նշել է, որ իշխանությունը հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից է:
«Մենք պատրաստ ենք համագործակցության, երկխոսության, մենք աշխատում ենք եւ սահմանադրական փոփոխությունների, եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքներն ընդլայնելու, եւ շատ այլ կարեւոր հարցերի ուղղությամբ», -նշել է նա՝ ընդգծելով, որ Ուկրաինայի դեմ պատերազմողները համարժեք պատասխան կստանան:




























