Պոլիտեխնիկի մոտ անցած տարի ապրիլին տեղի ունեցած սպանության գործով կալանավորված 17-ամյա Հայկ Աղամալյանի ծնողները պատրաստվում են դիմել հատուկ քննչական ծառայություն, որպեսզի նոր քննություն նշանակվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկի մայրը՝ Նարինե Արիստակեսյանը:

«Մենք եւ փաստաբանը որոշել ենք դիմել հատուկ քննչական ծառայությանը, որ նորից քննություն կատարվի: Մենք չենք հավատում այս նախաքննությանը: Հայկին այնպես են ներկայացրել, ոնց որ ամենավերջին ռեցիդիվիստը լինի: Սպասում ենք, որ պաշտպանը բոլոր նյութերը հավաքի եւ դիմենք: Չի բացառվում նաեւ, որ նամակներ ուղարկենք պատկան մարմիններին»,- ասաց Հայկի մայրը:

Չնայած կատարված սպանությունից հետո անցել է ավելի քան մեկ տարի, կայացել է ընդամենը երեք դատական նիստ, որից մեկն էլ հետաձգվել է:

«Վկաները չէին ներկայացել, նաեւ դատախազը չէր եկել: Էսքան ժամանակ դեռ Հայկը չի խոսել, մենակ վկաներին ենք լսում, բայց դե վկաներից էլ կան, որ չեն խոսել»,- ավելացրեց տիկին Նարինեն:

Այնուամենայնիվ, Հայկի մայրը համոզված է, որ վկաների մեջ իրական մեղավորը չկա. «Ով որ իմ տղային զանգել ու կանչել է կռվի, ինքը Հայաստանում չի, փախել է Ռուսաստան, իսկ այս ամենից իմ տղան է իրեն շատ վատ զգում, ծանր է տանում, որ տարել անմեղ տեղը նստացրել են: Ինքը ոչ մի բանից տեղյակ չի»:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ին ժամը 12:00-ին:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը Տերյան փող. 72շ. հարեւանությամբ մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին եւ նրան ապօրինաբար զրկել կյանքից: 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: