Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատական հերթական նիստում  մայիսի 14-ին հրապարակվեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը, քանի ամբաստանյալը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց։

Վահե Ղուկասյանն ասաց, որ չի ցանկանում  ո՛չ դատարանի, ո՛չ էլ մեղադրող կողմի հարցերին պատասխանել, դատավոր Աշոտ Մանուկյանն էլ հրապարակեց  նրա նախաքննական ցուցմունքը։

Վահե Ղուկասյանը գրել էր, որ դեպքի օրը գնում էր Վարդբաղ թաղամաս թաքցնելու մահացած հորեղբոր զենքերը, սակայն ճանապարհին սեւ գույնի մեքենան ձայնանային ազդանշանով ցանկացել է կանգնեցնել իրեն, հետո ինքը նկատել է, որ իր ուղղությամբ կրակում են սեւ մեքենայից եւ պաշտպանվելու համար հորեղբոր զենքով կրակել է մեքենայի ուղղությամբ:

Նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո Վահե Ղուկասյանը հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, որ երբ սեւ գույնի մեքենան ազդանշան է տվել, ինքը իջել է՝ փորձելով մոտենալ վարորդին, սակայն երբ կրակել են իր ուղղությամբ, հետ է վազել, մեքենայից զենքը վերցրել, որ պաշտպանվի, ու թեւ  հրազենային վնասվածք է ստացել, սակայն կրակել է 4-5 փամփուշտ ու հեռացել:

«Ես չեմ ցանկացել որեւէ մեկին սպանել եւ ոչ էլ հետապնդել եմ որեւէ մեկին սպանելու նպատակով, եթե նման ցանկություն ունենայի, նախ 30 փամփուշտն էլ կկրակեի, ոչ թե 4-ը, եւ երկրորդ, ցերեկով չէի կրակի բոլորի աչքի առաջ, էլի եմ կրկնում՝ ես ոչ ոքի սպանելու ցանկություն չեմ ունեցել, կրակել են պաշտպանվելու համար, կամ էլ, հարգելի դատարան, եթե ինձ կրակոցը մեջքիս չլիներ, սրտիս լիներ, ու ես մեռնեի, ո՞ւմ էիք դատելու»,- հայտարարեց Վահե Ղուկասյանը:

Վահե Ղուկասյանի շահերի պաշտպանը դատարանին միջնորդեց ամբաստանյալի հայտարարությունը դիտարկել որպես ցուցմունք:

Պետմեղադրողի ու դատավորի հարցերին պատասխանել Վահե Ղուկասյանն առհասարակ հրաժարվեց: Հայտարարությանն էլ հավելեց, որ մահացած Արտյոմ Կարապետյանի ու վիրավորված Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութի) հանդեպ թշնամանք չի ունեցել, իրար չեն ճանաչել:

«Ես չեմ ցանկանում որեւէ մեկի հարցին պատասխանել, ես էդ մարդկանց հետ ոչ մի հարց չեմ ունեցել, բոլորի հետ էլ կարող է այս դեպքը պատահի, հիմա Աստված մեզ պահել է, այսքան բան»,- ասաց ամբաստանյալ Վահե Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ ինքնապաշտպանվել է, եւ առաջինը իր վրա են կրակել:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեվորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն։