Հայաստանի ՊՆ վարչական համալիրում մայիսի 15-ին տեղի է ունեցել տեղեկատվատեխնիկական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը նվիրված կլոր սեղան-քննարկում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանրապետությունում գործող գիտական, մասնագիտական եւ գործնական աշխատանքներով զբաղվող հիմնարկ-ձեռնարկությունների մասնագետների մասնակցությամբ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների պետեր, գիտահետազոտական կենտրոնների տնօրեններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարներ եւ մասնագետներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` ընդգծելով, որ միջոցառումը հրավիրվել է տեղեկատվական անվտանգության, այդ թվում նաեւ կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքները, ռիսկերն ու մարտահրավերները գնահատելու, առկա թերացումները վերհանելու եւ դրանց լուծման ուղիները բացահայտելու նպատակով:
«Տեղեկատվական-տեխնիկական անվտանգության հարցերին մեծ կարեւորություն է տրվում ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում, որի առաջին փուլի շրջանակներում գնահատել ենք Հայաստանի դեմ ծառացած այնպիսի սպառնալիքներ, ինչպիսին է, օրինակ, տեղեկատվական պատերազմը: Պետական կառավարման, գիտահետազոտական եւ ձեռնարկատիրական ոլորտների համատեղ ջանքերը պետք է ուղղենք այդ սպառնալիքների չեզոքացման եղանակների, ձեւերի, մեթոդների ու անհրաժեշտ ռեսուրսների բացահայտմանը, տեղեկատվության հասանելիության, ամբողջականության ու անվտանգության երաշխավորմանը»,-նշեց Դ. Տոնոյանը:
Հիմնական զեկուցող` «Արմինկո» ընկերության ղեկավար Գրիգոր Սաղյանը ներկայացրեց համակարգչային անվտանգության ընդհանուր դրույթները: Զեկույցում ընդգծվեցին տեղեկատվական անվտանգություն հասկացության մեկնաբանությունները, տարբեր երկրներում տեղեկատվական անվտանգության ապահովման մեթոդները եւ մոտեցումները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ընդունված օրենսդրական ակտերը:
Քննարկմանը մասնակցող գիտահետազոտական եւ ձեռնարկատիրական ոլորտների մասնագետների ելույթներում հստակեցվել է Հայաստանի, մասնավորապես` պաշտպանական համակարգի դեմ կիրառվող տեղեկատվական ու կիբեր սպառնալիքների բնույթը: Հնչել են առաջարկություններ սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ուղիների, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաեւ գիտական կենտրոնների եւ հատկապես երիտասարդության հետ մասնագիտական փորձի փոխանակման վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության ադյունքները, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը կարեւորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտական, մասնագիտական եւ գործնական աշխատանքներով զբաղվող հիմնարկ-ձեռնարկությունների մասնագետների հետ նման քննարկումները: Վստահեցնելով, որ հանդիպման ընթացքում հնչած առաջարկները եւ տեսակետները մանրամասն կքննարկվեն պաշտպանական գերատեսչությունում, Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ ոլորտի ձեռնարկությունների եւ մասնագետների հետ առաջիկայում կծավալվի արդյունավետ համագործակցություն:




























