Արտասահմանում սովորող ուսանողների տարկետումը զինծառայությունից պետք է սահմանափակումներ ունենան: Այս մասին խորհրդարանին «Զինծառայության մասին» օրենքի լրամշակումներ ներկայացնելով, հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, տարկետումը պետք է առավել նպատակային դարձնել:
«Կառավարության աջակցությամբ գործող «Լույս» հիմնադրամը 10 առաջնակարգ բուհեր մեկնող ուսանողների համար ծառայությունից տարկետում է ապահովում: Իսկ 11-րդին` արդեն ոչ: Մինչդեռ, մյուս կողմից, մի շարք միջկառավարական համաձայնագրեր տարկետում են ենթադրում ոչ միայն առաջնակարգ բուհերի, այլ նաեւ հազիվ թե տեղական, էլ չեմ ասում` միջազգային չափանիշներով ընդունելի համարվող հաստատությունների համար: Եվ ստացվում է, որ աշխարհի լավագույն 11-րդ բուհ ընդունվող երիտասարդը տարկետում չի ստանա, իսկ իքս երկրի 600-րդ բուհ մեկնողը` կստանա», - հայտարարել է Աշոտյանը:
Ուստի, նրա համոզմամբ, տարկետումը հարկավոր է նպատակային դարձնել` թե ըստ մասնագիտությունների, եւ թե ըստ արտասահմանյան բուհերի: «Իրավաբաններ եւ տնտեագետներ շատ ունենք, իսկ գյուղատնտեսներ ու կենսատեխնոլոգնե՞ր: Ահա թե ինչումն է հարցը», - հավելել է նախարարը:
Նրա խոսքով, բուհերի եւ մասնագիտությունների ցանկն ավելի ուշ կմշակվի եւ թափանցիկ կլինի հանրության համար:




























