Մեղրու տարածաշրջանում տեղակայված ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու գործով դատական հերթական նիստին դատավոր Նապոլեոն Օհանյանը մերժեց ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը վկաներ Գոռ Մարգարյանին և Անդրանիկ Թադևոսյանին լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ։ Պաշտպան Անի Թորոսյանը իր միջնորդությունը հիմնավորում էր նրանով, որ նշված վկաները դեպքի վերաբերյալ այնպիսի բացահայտումներ են անում, որ կարող են հիմնովին փոխել գործի ընթացքը, սակայն այդ առթիվ առհասարակ քննություն չի իրականացվել, այդ թվում նաև՝ ոմն Թովմաս Մնացականյանի մասով, որի անունը քրեական գործի նյութերում բացակայում է, չնայած Գոռ Մարգարյանը և Անդրանիկ Թադևոսյանը  պնդում են, որ նա եղել է դեպքի վայրում։

Դատախազ Գագիկ Մայիլյանը իր հերթին առարկեց միջնորդությանը, դատավորը մերժեց այն, ինչը հունից հանեց ամբաստանյալների հարազատներին։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սյուզաննա Խչեյանը միջնորդություն նեկայացրեց՝ դատարան հրավիրել դատաբժիշկ Սևոյանին, մասնավորապես, պարզաբանելու մահացած Սարգիս Սահակյանի ձեռքի վնասվածքի, ինչպես նաև կրակոցից առաջացած արյան հոսքի ուղղության հետ կապված հարցերը։ Միջնորդությանը միացավ նաեւ պաշտպանական կողմը։ Անի Թորոսյանը բացատրեց, ինչու Սարգիս Սահակյանը չէր կարող կանգնած դիրքում ինքնասպան եղած լիներ։

«Եթե ես փորձեմ նկարագրել, ընդամենը երեք շերտով է արյունը հոսել Սարգիս Սահակյանի բերանից, երկու շերտը՝ բերանից դեպի հետ, անկյան տակ, այսինքն դա ենթադրում է, որ գլուխը եղել է հորիզոնականից ավելի ցածր դիրքում, և երրորդ շերտն արտահոսել է ուղղակիորեն հոնքերի մեջտեղով։ Ինչպե՞ս կարող է որևէ կաթիլ արյուն չհոսել առաջ, այն դեպքում երբ կրակոցից և նման վնասվածքի անցք բացվելուց հետո անմիջապես պիտի արյուն հորդի, վայրկյաններում պիտի արյուն հորդի և գիտակցության կորուստ լինի և մինչև վայր կընկնի տղան, պիտի արդեն նրա կրծքավանդակը կամ կզակը արյունոտվեին։ Ինչպես պատահեց, որ լրիվ մաքուր կզակի կամ կրծքավանդակի պայմաններում արյան շերտը հոսել է դեպի հետ»,- ասաց Թորոսյանը։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 22-ին։

Ամբաստանյալ Արթուր Միսակյանի հայրը՝ Արա Միսակայնը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատախազը ակնհայտորեն շահագրգռված է, որ կատարվածի իրական մեղավորները չբացահայտվեն։

«Բարձրագույն կրթությամբ որդուս ուղարկեցի հայրենիքը պաշտպանելու, փոխարենը բանտում փակեցին։ Հոգնել եմ այս անվերջանալի թվացող դատաքննությունից։ Եթե իմ երեխան մեղավոր լիներ, տասը տարի տային, կասեի՝ քսանը տվեք։ Բա եթե միջնորդում են, էն մարդկանց բերեն, ինչի՞ ա առարկում դատախազը, եթե ճիշտ մարդ ա, ամեն ինչ ճիշտ ա, ինչի՞ ա առարկում։ Ուրեմն կամ իրեն վախեցրել են, կամ էլ կաշառել են»,- ասաց Արա Միսակյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Սահակյանը 2012թ. նոյեմբերի 5-ին` ժամը 00:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակի առջև իրեն ամրակցված ինքնաձիգով  կատարել է ինքնասպանություն։ Իսկ ինքնասպանության դրդապատճառ է համարվում համածառայողներ Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի կողմից հալածանքն ու սեռական բնույթի վիրավորանքները Սարգսին՝ ստացված ծանրոցի սնունդը միայնակ ուտելու համար։ Այնինչ մահացածի ծնողները վստահ են, որ դա պարզապես իրական հանցանքը քողարկելու միջոց է և, որ իրականում իրենց որդուն սպանել է բոլորովին այլ մարդ։