Շուտով կառավարությունը խորհրդարան կներկայացնի ծրագիրը, եւ վարչապետն ու նախարարները բոլոր հարցերին կպատասխանեն: Այս մասին այսօր` մայիսի 15-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին` արդյոք մինչեւ այս իշխանությունները չգիտեին, որ շատ գործարարներ ստվերում են գործում:

«Կառավարությունը շուտով Ազգային ժողով է ներկայացնելու իր ծրագիրը, որից հետո կարող եք Ձեր հարցերն ուղղել իրենց»,- ասաց նա՝ չպատասխանելով բուն հարցին:

Այնուամենայնիվ, Շարմազանովը նշեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին եւ գործարար աշխարհի հետ հանդիպմանը Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում:

«Հանրապետական կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի գործունեությանը եթե վատ վերաբերվեր, ապա միաձայն չէինք որոշի, որ հենց նա պիտի լինի վարչապետը»,- ավելացրեց նա:

Լրագրողների հարցին` նախկին կառավարությունը չէր կարող այդ հարցերը լուծել` ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Յուրաքանչյուրն էլ գալիս եւ գնում է, իսկ ո՞վ է ասել, թե պաշտոնները հավիտյան են»:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Հաղթանակ զբոսայգում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ «ցավացնելու» է իր մերձավորներին եւ սկսելու է հենց ինքն իրենից, քանի որ ինքը պատրաստվում է հարկային դաշտ բերել բոլորին: Այս հայտարարությունից օրեր անց վարչապետը հանդիպում էր ունեցել գործարարների հետ եւ բոլորին հորդորել մտնել հարկային դաշտ: