Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջայի շրջանում քուրդ զինյալների եւ թուրքական զինուժի միջեւ բախումներ են ընթանում։

Մայիսի 6-ի երեկոյան սկսված բախումը դեռեւս շարունակվում է: Հաքքարիի նահանգապետ Մուամեր Թյուրքերը հայտնել է, որ հիշյալ հատվածում սպանվել է 2 թուրք զինվորական: Բախման գոտի են տեղափոխվել հատուկ նշանակության զորաջոկատներ, որոնց օդից աջակցում են ռազմական ուղղաթիռները:

Նշենք, որ հիշյալ հատվածում 2007-ի հոկտեմբերի 21-ին մի խումբ PKK-ի զինյալներ հարձակվել էին թուրքական զորամասի վրա, որի արդյունքում սպանվել էր 12 թուրք զինվորական, վիրավորվել`16-ը եւ գերի ընկել 8 զինվորական: