Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը երբեք չի հանդիպել Ուկրաինայի ուլտրաազգայնական «Աջ սեկտոր» կազմակերպության ներկայացուցիչներին, իսկ ԱՄՆ-ի վարչակազմը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում այդ խմբավորմանը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆի էլեկտրոնային նամակը: 

Նա այդպիսով մեկնաբանել է ռուսական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ «Աջ սեկտորի» պատվիրակներն անցյալ ամսվա վերջին այցելել էին Վաշինգտոն` միջոցներ տրամադրելու վերաբերյալ բանակցությունների համար:  Տվյալ թեմային  Bloomberg հեռուստաալիքի եթերում  անդրադարձել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կցանկանայի նաեւ ստանալ Վաշինգտոնի պատասխանը «Աջ սեկտորի»  համակարգող Անդրեյ Արտեմենկոյի գաղտնի այցի վերաբերյալ` Վաշինգտոնում Վիկտորյա Նուլանդի հետ հանդիպելու համար:  Մենք շատ կուզեինք ստանալ այս հարցերի պատասխանները: Շատ վտանգավոր է  շահարկել Եվրոպայում կատարվող իրադարձությունները օվկիանոսից այն կողմ, սա ձեզ համար հեռակառավարվող խաղեր չեն: Մեզ համար սա շատ կարեւոր է», - նշել է Լավրովը: