Վստահ եմ, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումն ընդունվել է խորը վերլուծության արդյունքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք դա ընդունում եւ հարգում ենք»,- ընդգծել է դիվանագետը: Միեւնույն ժամանակ նա նկատել է, թե այս կամ այն միությանն անդամակցելը ինքնանպատակ չէ: «Դա պետք է ծառայի երկրի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցությանը»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ԵՄ-ին Լեհաստանի անդամակցության 10 տարիներին ՀՆԱ-ն աճել է 2 անգամ: «Գիտեք, ես զգացմունքային եւ ջերմ եմ վերաբերվում Հայաստանին եւ ապացուցել եմ դա աշխատանքի 4 տարիների ընթացքում: Խորապես ցանկանում եմ, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո ՀՆԱ-ն աճի 2,5 անգամ»:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, իսկ Ֆրանսիայի նախագահը Երեւան այցի ժամանակ ընդգծել էր հատուկ մոտեցման անհրաժեշտության մասին, դեսպանը նկատել է, որ անհրաժեշտ է պատասխանել մեկ հարցի՝ ի՞նչ է հարկավոր Հայաստանին ԵՄ-ում: Միայն փաստաթուղթ, թե դրա բովանդակությունը, ասոցացում, ձեւ, թե բովանդակություն: «Չեմ հիշում, որ Ֆրանսիայի նախագահը խոսեր միայն քաղաքական մասի ստորագրման օգտին: Նա խոսել է գործընթացի մասին»,- նշել է դեսպանը:

Այդ համատեքստում նա նշել է, թե Հայաստանի իշխանություններն ասում են, որ սերտորեն համագործակցելու են այն ոլորտներում, որոնց դրույթները չեն հակասում ՄՄ-ին: