Պոլսո հայոց պատրիարքարանը Մանիսա նահանգի Սոմայի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետ կապված ցավակցալան հեռագրեր է ուղարկել երկրի ղեկավարներին եւ հայտնել, որ կիրակնօրյա պատարագին աղոթելու են զոհված հանքափորների համար։

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի կողմից ցավակցական հեռագրեր են ուղարկվել նախագահ Աբդուլլահ Գյուլին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Մանիսայի նահանգապետ Աբդուռահման Սավաշին եւ Մանիսայի եւ Սոմայի մուֆթիներին։

Ցավակցական հեռագրում նշվել է, որ հանքափորների մահը խորապես վշտացրել է իրենց։ «Մահացած հանքափորների համար Աստծուց ողորմություն ենք խնդրում, ընտանիքներին ցավակցում, վիրավորներին էլ արագ ապաքինում մաղթում»,-նշվել է հեռագրում։

Նշվել է նաեւ, որ մայիսի 18-ին Ստամբուլի հայկական եկեղեցիներում կատարվելիք պատարագի ժամանակ Սոմայի ածխահանքում զոհված հանքափորների համար աղոթք է արվելու։

Նշենք, որ Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով տարբեր աղբյուրներով զոհվել են մոտ 350 հանքափոր, իսկ Թուրքիայի էներգետիկայի նախարարի խոսքերով զոհերի թիվը 284 է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 300 աշխատակից։