Թուրքիայում «Ժողովրդի փրկություն» կուսակցությունը (HKP) Սոմայի ածխահանքի դժբախտության հետեւանքով մահացած 284 հանքափորների համար երկրի վարչապետի, էներգետիկայի նախարարի, հանքի սեփականատիրոջ եւ այլոց դեմ դատական հայց է ներկայացրել։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ «Ժողովրդի փրկություն» կուսակցությունը Սոմայի գլխավոր դատախազությունում դատական հայց է ներկայացրել, որում ածխահանքի պայթյունի մեջ մեղավոր է ներկայացվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, հանքի սեփականատեր Ալփ Գյուրքանը եւ այլ պաշտոնյաներ։ Հայցում նշվել է, թե հիշյալ պաշտոնյաները մեղավոր են դիտավորյալ սպանությունների մեջ, քանի որ հանքափորների համար չի ապահովել անվտանգության տարրական պայմանները։
Նշենք, որ Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով տարբեր աղբյուրներով զոհվել են մոտ 350 հանքափոր, իսկ Թուրքիայի էներգետիկայի նախարարի խոսքերով զոհերի թիվը 284 է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 300 աշխատակից։




























