Վիետնամի սոցիալիստական հանրապետության իրավապահ մարմինները շուրջ 1,3 հազար մարդ են ձերբակալվել` հակաչինական անկարգություններին մասնակցելու համար:
Հակաչինական ուղղվածությամբ բողոքի ելույթների ալիքը վերջին օրերին չինացի ներդրողներին պատկանող մի շարք խոշոր արդյունաբերական գոտիներ էր ներառել: Գործարանների ու ֆաբրիկաների ավելի քան 20 հազար աշխատակիցներ բողոքի ալիք էին բարձրացրել Չինաստանի` Հարավ-չինական ծովի վիճելի տարածքների նկատմամբ դրսեւորած հավակնությունների ակտիվացման դեմ: Հիշյալ տարածքում` Վիետնամի բացառիկ տնտեսական գոտուն վերագրվող շելֆի հատվածում ՉԺՀ-ի իշխանությունները միակողմանի որոշմամբ ածխաջրածնային հումքի որոնման աշխատանքներ էին սկսել:
Բողոքի ակցիաների ամենամեծ թվով մասնակիցները` 950 մարդ, հարավային նահանգներից մեկում են ձերբակալվել: Մեկ այլ հարավային նահանգում ձերբակալվածների թիվը 200 է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հակաչինական ելույթների ժամանակ Բանզիոնգ եւ Դոնգնայ նահանգներում տեղակայված արդյունաբերական գոտիներում առնվազն 15 արտասահմանյան ձեռնարկություններ են ավերվել եւ կրակի մատնվել: Դրանց թվում, բացի չինականից, նաեւ թայվանական եւ սինգապուրյան ֆաբրիկաներ են: Արտասահմանյան ընկերությունների պատկանող ավելի քան հազար ձեռնարկություններ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքները:
Ընդհարումների արդյունքում երկու չինացի բանվոր է մահացել: Եւս ավելի քան 150-ը վնասվածքներ են ստացել:




























