Ուկրաինայի նախագահի ժ/պ Ալեքսանդր Տուրչինովը Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչներին կոչ է արել սատարել հակաահաբեկչական գործողությանը: Նա այս մասին հայտարարել է «Կառավարությանն ուղղված հարցերի ժամին»:

Ըստ նրա՝ ռուսամետ ակտիվիստների գոևծողությունների պատճառով Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչները չեն կարողանում կենսաթոշակ եւ այլ սոցվճարներ ստանալ, հայտնում է ՈՒՆՆ-ն: Տուրչինովը բնակիչներին կոչ է արել «մեկընդմիշտ լուծել ապստամբների հարցերը»՝ օգնելով հակաահաբեկչական գործողությանը:

Հավելենք, մայիսի 15-ին Ուկրաինայի նախագահի ժ/պ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել էր, որ երկրում կարող է աշխատանքային խումբ ստեղծվել, որի անդամները հակաահաբեկչական գործողության ավարտի մասին առաջարկներ կմշակեն: Գործողության դադարեցման դիմաց իշխանությունները Հարավ-արեւելքից պահանջում են հանձնել զենքերը եւ ազատել բոլոր պատանդներին: